ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ վերջին բանակցությունների վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով։ «Մի կողմից, մենք փորձում ենք խաղաղության հասնել և վերջ դնել շատ արյունալի, թանկարժեք և կործանարար պատերազմին, ուստի որոշակի համբերություն է պահանջվում։ Մյուս կողմից, մենք զուր վատնելու ժամանակ չունենք։ Աշխարհում շատ այլ բաներ են տեղի ունենում, որոնց մենք նույնպես պետք է ուշադրություն դարձնենք»,- ընդգծել է Ռուբիոն։               
 

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը իսլամի ու քրիստոնեության միջև

Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը իսլամի ու քրիստոնեության միջև
02.03.2017 | 10:10

Իսլամաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) համաժողովների շրջանակներում հանդիպեցին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ադրբեջանի ԶԼՄ-ների համաձայն՝ «կողմերը գոհունակություն հայտնեցին մեր երկրների բարեկամական ու եղբայրական հարաբերությունների դինամիկ զարգացումից»: Ընդգծվեց, որ «զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին մի շարք խնդիրներով, որ փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»: Պետք է կարծել, որ Ալիևի ու Էրդողանի ուշադրության կենտրոնում է եղել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը: Առավել ևս, որ փետրվարի վերջին շփման գծում իրավիճակը սրվեց: Բանակցությունների մանրամասները համարյա հայտնի չեն, բայց կարելի է հիշել, որ Թուրքիայի նախագահը Պակիստանում ՏՀԿ-ի ու ԻՀԿ-ի համաժողովներում իր ելույթում ընդգծեց, որ պետք է «վճռականություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցում»:

Նրա խոսքով՝ կոնֆլիկտը «արդեն 20 տարուց ավելի կա և դեռ լուծված չէ, անհրաժեշտ է այս հարցը բարձրացնել միջազգային յուրաքանչյուր հարթակում»: Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խորհրդական Յալչին Թոփչուն կոչ էր արել «հայ-ադրբեջանական պատերազմը դարձնել երկու միլիարդ մուսուլմաններից յուրաքանչյուրի օրակարգի հարց»: Էրդողանը փորձել էր և փորձում է ԻՀԿ-ի հարթակն օգտագործել տարբեր քաղաքական կարգախոսների հռչակման համար՝ կոչ անելով այդ համագործակցության անդամներին համերաշխ լինել «եղբայր մուսուլմանների հետ» պաղեստինյան խնդրի, սիրիական ճգնաժամի հարցում, կողմնորոշվել Եմենի, Լիբիայի, Աֆղանստանի, Սոմալիի, Մալիի, Ջամմայի ու Քաշմիրի իրավիճակում: ՈՒ՝ ի՞նչ: Ոչինչ: Ինչո՞ւ: Տարբեր պատճառներով: Դեռ վերջերս Անկարան ԻՀԿ-ի ձևաչափում փորձում էր անաղմուկ իրականացնել նեոօսմանիզմի գաղափարախոսութան շրջանակներում խալիֆաթական նախագիծ: Оսմանյան կայսրությունում սուլթանն ուներ աշխարհիկ ու հոգևոր իշխանություն: Հիմա, երբ Թուրքիայի իշխանությունը Սահմանադրության փոփոխություններով երկրում փորձում է հաստատել նախագահական կառավարում, երկրորդ քայլ դիտարկվում է բարձրագույն հոգևոր իշխանության ի հայտ գալու հնարավորությունը ի դեմս ԻՀԿ-ի ղեկավարի: Երրորդ քայլ կարող է դառնալ ԻՀԿ-ի դիրքավորումն իբրև «իսլամական աշխարհի ամենաազդեցիկ միջազգային կազմակերպություն, որ ի զորու է և պատրաստ է լինել վերազգային քաղաքական խաղացող գլոբալ մակարդակով»: Իհարկե՝ Թուրքիայի գլխավորությամբ: Yeni Safak-ը գրել էր՝ հաշվի առնելով, որ «ԻՀԿ-ի ստեղծումից կես դար է անցել և մինչև հիմա որևէ ուժեղ ազդեցություն չունի միջազգային քաղաքական ու տնտեսական ասպարեզում», Անկարայի ղեկավարությունը «կարող է այդ կազմակերպությանն ազատել անօգնականության բարդույթից»:


Սակայն իսլամական մյուս պետությունները չեն ընդունում թուրքերի հավակնությունները, կողմ են քաշվում և լուծում են միայն իրենց սեփական խնդիրները՝ «իրենց չհակադրելով Արևմուտքին»: Այդ պատճառով Էրդողանի կոչերը ԻՀԿ-ին (ինչպես Ալիևի փորձերը) Լեռնային Ղարաբաղի խնդիրը ինտեգրել իսլամի ընդհանուր հայտարարի տակ, ստեղծել միասնական իսլամական օրակարգ, կազմակերպությունում սպասելի արձագանք չեն ստանում: Բաքվի ձգտումը՝ խանգարել իսլամական որոշ պետությունների՝ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միայն բարդացնում է իրավիճակն Ադրբեջանի համար, երբ նվազում են կոնֆլիկտի կարգավորման նոր բանակցային հարթակների ստեղծման հնարավորությունները՝ սահմանափակելով բանակցային ձևաչափը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբով կամ «քրիստոնեական» եվրոպական քաղաքական ինստիտուտներով: Այդ գործընթացում Անկարային «խթանելու» Բաքվի փորձերը մինչև հիմա չեն տվել և ապագայում էլ՝ ընտրված քաղաքական ոճով ու Մերձավոր Արևելքում ձևավորվող ուժերի դասավարության պարագայում, սպասված արդյունքներ չեն տա: Մինչդեռ Երևանն արդեն վաղուց «սեպ է խրել» իսլամական աշխարհում՝ համագործակցելով Իրանի հետ: Հավելեք, որ բնավ էլ ոչ բոլոր իսլամական երկրներն են դրական վերաբերվում Ադրբեջանի ու Իսրայելի ալյանսին՝ կասկածելով, որ Բաքուն (և Անկարան) իրոք գործում են ի շահ իսլամական աշխարհի և չեն ձգտում իսլամական աշխարհն իրենց լոկալ շահերի սպասարկման գործիք դարձնել: Այդ պատճառով բոլորովին հասկանալի չէ, թե ինչ «քաղաքակրթական հորիզոններում» է Ադրբեջանը մտադիր լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը, եթե ձգտում է Հայաստանի վրա ճնշում կազմակերպել իսլամական աշխարհում՝ հակադարձ «քրիստոնեական» արձագանք ստանալու վտանգի առաջ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Գուցե ամբողջ խնդիրն այն է, որ եվրոպական քաղաքակրթական ինստիտուտներում Ադրբեջանը ստիպված է քննարկել ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության սկզբունքները նույն հարթության մեջ ու պատասխանատու է երկրում մարդու իրավունքների վիճակի համար, իսկ իսլամական աշխարհում նման խնդիրներ չկան և շատ հեշտ է խնդիրը դնել քրիստոնյա-մուսուլման հարթության մեջ ու ջիհադի կոչ անել: Իր ամբողջատիրական ձգտումներով Էրդողանն այնքան է փչացրել հարաբերությունները իսլամական աշխարհի հետ, որ Ալիևին չի հաջողվի Անկարայի հովանու ներքո ջիհադ հայտարարել քրիստոնյա Արցախին: Իրանից բացի, Անկարայի խալիֆայական հավակնությունները հաստատ չեն կիսում Իրաքը, Եգիպտոսը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, առավել ևս պատերազմի մեջ ներքաշված Սիրիան, Լիբիան ու մյուս երկրները: Թուրքիա-Իսրայել-Ադրբեջան առանցքը սեպ է արաբական աշխարհում, իսկ սեպը սեպով են հանում: Լավն է, թե վատն է ԵԱՀԿ Մինսկի խումբը, Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափն է, և իզուր են Անկարան ու Բաքուն փորձում կոնֆլիկտին կրոնական երանգավորում տալ՝ խնդիրը ազգի ինքնորոշման իրավունքի հարթության մեջ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2016

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ